Google One-ի օգտագործման լրացուցիչ պայմաններ
Վերջին անգամ փոփոխվել է՝ 11 նոյեմբերի, 2025 թ. |Google One-ից օգտվելու համար դուք պետք է ընդունեք (1) Google-ի օգտագործման պայմանները և (2) Google One-ի օգտագործման այս լրացուցիչ պայմանները («Լրացուցիչ պայմաններ»)։ Այս լրացուցիչ պայմաններում չսահմանված եզրույթների նշանակությունները տրված են Google-ի օգտագործման պայմաններում։
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս փաստաթղթերը։ Միասին այս փաստաթղթերը կոչվում են «Պայմաններ»։ Դրանք սահմանում են, թե դուք ինչ կարող եք մեզնից ակնկալել մեր ծառայություններն օգտագործելիս, և ինչ ենք մենք ակնկալում ձեզնից։
Մենք նաև խորհուրդ ենք տալիս վերջնական օգտագործողներին կարդալ մեր Գաղտնիության քաղաքականությունը՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես թարմացնել, կառավարել, արտահանել և ջնջել իրենց տեղեկությունները։
1. Մեր ծառայությունը
Google One-ն առաջարկում է բաժանորդագրության պլաններ՝ վճարովի տարածքով, որը բաշխվում է Gmail-ի, Google Լուսանկարների և Google Drive-ի միջև, ինչպես նաև բաժանորդագրության պլաններ՝ լրացուցիչ առավելություններով, որոնք ձեզ են տրամադրվում Google-ի կողմից կամ կողմնակի ընկերությունների միջոցով։ Google One-ը նաև առաջարկում է բաժանորդագրության պլաններ և ԱԲ կրեդիտներ, որոնք թույլ են տալիս օգտվել Google-ի մշակած որոշ վճարովի ԱԲ գործառույթներից։ Ձեր կողմից Google-ի կամ կողմնակի ընկերությունների առաջարկած լրացուցիչ առավելությունների օգտագործումը կարգավորվում է այդ առավելությունների համար կիրառելի օգտագործման պայմաններով։ Որոշ առավելություններ կարող են հասանելի չլինել բոլոր երկրներում և հնարավոր է, որ ենթարկվեն այլ սահմանափակումների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Google One-ի օգնության կենտրոն։
Google One ծառայությունը տրամադրվում է ձեզ Google ընկերության կողմից և կարգավորվում է Google-ի օգտագործման պայմաններով։ Երբ Google One-ի բաժանորդագրություն կամ ԱԲ կրեդիտներ եք գնում, դուք առանձին պայմանագիր եք կնքում վաճառողի հետ, որը կարող է լինել Google ընկերությունը (տես Բաժին 2-ը) կամ որևէ երրորդ կողմ։ Եթե դուք ունեք Google One-ի բաժանորդագրություն, որը ձևակերպել եք երրորդ կողմի կամ գործընկերոջ միջոցով, ապա ձեր բաժանորդագրությունը կարող է կարգավորվել այդ երրորդ կողմի կամ գործընկերոջ լրացուցիչ պայմաններով։
ԱԲ կրեդիտներ
Դուք կարող եք օգտագործել ԱԲ կրեդիտները՝ որոշակի ԱԲ գործառույթների միջոցով հարցումներ ստեղծելու և մշակելու համար։ Որոշակի գործողության (օր․՝ տեսանյութ գեներացնելու) համար անհրաժեշտ կրեդիտների չափի մասին ձեզ կտեղեկացնենք համապատասխան պրոդուկտի կամ գործառույթի շրջանակներում։ Google-ը իրեն իրավունք է վերապահում փոփոխել ԱԲ գործառույթների համար անհրաժեշտ կրեդիտների չափը։ ԱԲ կրեդիտները կարող են օգտագործվել միայն որոշակի ԱԲ գործառույթների համար, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են թողարկվել Google-ի կողմից։
ԱԲ կրեդիտներն ունեն սպառման ժամկետ, որոնք նշված են լինում գնման պահին։
ԱԲ կրեդիտների նկատմամբ ձեզ որևէ իրավունք կամ թույլտվություն վերապահված չէ՝ բացառությամբ այս պայմաններում սահմանված կետերի։ Դուք չեք կարող վաճառել կամ փոխանցել ԱԲ կրեդիտներն այլ օգտատերերի կամ հաշվի։ Երբ դուք գնում եք ԱԲ կրեդիտներ, դուք կանխավճար եք կատարում որոշակի ԱԲ գործառույթներ օգտագործելու համար։ ԱԲ կրեդիտները չեն հանդիսանում թվային արժույթ, վճարային միջոց կամ այլ տեսակի ֆինանսական գործիքներ և չեն կարող օգտագործվել որպես դրամական միջոցներ։ ԱԲ կրեդիտները կարելի է օգտագործել միայն Google էկոհամակարգում գործող որոշակի ԱԲ գործառույթներն օգտագործելու համար։ Չօգտագործված ԱԲ կրեդիտները կարող են զրոյացվել Google One-ի ձեր սակագնային պլանի կասեցման կամ չեղարկման դեպքում։ Այդ դեպքում կգործեն վճարների վերադարձման կիրառելի կանոնները։
ԱԲ կրեդիտների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
2. Գնում և վճարում
Google One-ի բաժանորդագրություններն անորոշ ժամկետով են, և հաշիվների ներկայացման յուրաքանչյուր ժամանակաշրջանի սկզբում ձեզնից կգանձվի ձեր բաժանորդագրության գումարը՝ համաձայն ձեր բաժանորդագրության պայմանների (օրինակ՝ ամսական, տարեկան կամ մեկ այլ ժամանակահատվածի համար), եթե մինչ այդ չչեղարկեք ձեր բաժանորդագրությունը։
Երբ Google One-ի բաժանորդագրություն կամ ԱԲ կրեդիտներ եք գնում, ձեր գնման վրա տարածվում են վաճառողի առանձին պայմանները։ Օրինակ՝ երբ դուք Google One-ի բաժանորդագրություն ձևակերպեք կամ ԱԲ կրեդիտներ գնեք Google Play Խանութի միջոցով, ձեր գնման վրա կտարածվեն Google Play-ի օգտագործման պայմանները։
Վաճառողը, ումից Google Play Խանութի միջոցով ձեռք եք բերում ձեր Google One-ի բաժանորդագրությունը կամ ԱԲ կրեդիտները, հետևյալ ընկերությունն է․
- Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի սպառողների համար՝ Google Commerce Limited
- Հնդկաստանի սպառողների համար՝ Google Ireland Limited
- Ասիայի մյուս երկրների, խաղաղօվկիանոսյան երկրների սպառողների համար՝ Google Digital Inc.
- Միացյալ Նահանգների և մնացած երկրների սպառողների համար՝ Google LLC։
Երբ դուք Google One-ի բաժանորդագրություն ձևակերպեք կամ ԱԲ կրեդիտներ գնեք երրորդ կողմի կամ գործընկերոջ միջոցով, ձեր վճարման եղանակից գումարը կգանձի այդ երրորդ կողմը կամ գործընկերը, որն էլ պատասխանատու կլինի ձեր վճարման, այդ թվում՝ չեղարկումների և գումարի վերադարձման հետ կապված բոլոր խնդիրների լուծման համար։
Եթե վաճառողին չհաջողվի ձեզանից գումար գանձել Google One-ի բաժանորդագրության համար, դուք չեք կարողանա օգտվել Google One-ից, մինչև չթարմացնեք ձեր վճարման եղանակի տվյալները։ Եթե ծանուցումը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում չթարմացնեք ձեր վճարման եղանակի տվյալները, մենք կարող ենք չեղարկել կամ արգելափակել Google One-ի հասանելիությունը։
3. Գներ և առաջարկներ
Առաջարկներ։ Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք առաջարկել Google One-ի բաժանորդագրության անվճար փորձաշրջաններ։ Եթե գնեք Google One-ի բաժանորդագրություն, որը ներառում է փորձաշրջան, ապա ձեզ հասանելի կլինի Google One-ը ամբողջ փորձաշրջանի ընթացքում։ Փորձաշրջանի ավարտին և այն չափով, որքանով դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, ձեզնից ավտոմատ կգանձվի բաժանորդագրության վճարը յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար, եթե վաճառողին վճարման վավեր եղանակ եք տրամադրել, և կշարունակվի գանձվել այնքան ժամանակ, մինչև չչեղարկեք ձեր բաժանորդագրությունը։ Եթե մինչև փորձաշրջանի ավարտը չեղարկեք բաժանորդագրությունը, ձեզնից որևէ գումար չի գանձվի։ Հնարավոր է նաև, որ ժամանակ առ ժամանակ զեղչեր առաջարկենք Google One-ի բաժանորդագրությունների համար։ Այս առաջարկների նկատմամբ կարող են կիրառվել լրացուցիչ պայմաններ, այդ թվում՝ համապատասխանության չափանիշներ, և ցանկացած նման լրացուցիչ պայման ձեզ հասանելի կդառնա նախքան ձեր կողմից առաջարկի ընդունումը կամ գնումը։ Առաջարկներն անվավեր են, եթե արգելված կամ սահմանափակված են կիրառելի օրենքով։
Գնային փոփոխություններ։ Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոխել Google One-ի բաժանորդագրությունների կամ ԱԲ կրեդիտների գները, օրինակ՝ արտացոլելու գնաճը, կիրառելի հարկերում, գովազդային առաջարկներում, Google One-ի պայմաններում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև բիզնեսի փոփոխվող կարիքները։ Google One-ի բաժանորդագրությունների գների փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ձեր ընթացիկ վճարային ժամանակահատվածի ավարտից հետո, և երբ ձեր հաջորդ վճարումը կատարելու ժամանակը գա։ Դուք մինչ այդ ծանուցում կստանաք։ Գնի բարձրացման մասին դուք կծանուցվեք գանձման օրվանից 30 օր առաջ։ Եթե ծանուցումը ստանաք ավելի ուշ, քան գանձման օրվանից 30 օր առաջ, փոփոխությունն ուժի մեջ կմտնի միայն առաջիկա վճարմանը հաջորդող վճարման ժամանակահատվածից։ Եթե չեք ցանկանում շարունակել Google One-ի ձեր բաժանորդագրությունը նոր գնով, կարող եք այն չեղարկել՝ համաձայն այս Պայմանների «Չեղարկումներ» բաժնի, և բաժանորդագրության համար գանձում այլևս չի կատարվի՝ պայմանով, որ մեզ ծանուցել եք նախքան ընթացիկ հաշվարկային ժամանակահատվածի ավարտը։ Այն դեպքում, երբ գինը բարձրանում է, և պահանջվում է ձեր համաձայնությունը, ապա ձեր բաժանորդագրությունը կչեղարկվի, եթե դուք չհամաձայնեք նոր գնին։
4. Չեղարկումներ և գումարի վերադարձ
Չեղարկումներ և գնումից հրաժարվելու իրավունքի օգտագործում։ Եթե չեղարկեք ձեր բաժանորդագրությունը, Google One-ը մինչև ընթացիկ հաշվարկային ժամանակահատվածի ավարտը ձեզ հասանելի կմնա, եթե դուք անհապաղ չեղարկման իրավունք կամ գնումից հրաժարվելու այլ իրավունքներ չունեք, ինչպես նկարագրված է Օգնության կենտրոնում։ Եթե դուք հրաժարվելու իրավունք ունեք և ցանկանում եք օգտվել այդ իրավունքից, ապա պետք է հայտնեք գնումից հրաժարվելու ձեր որոշման մասին՝ հստակ հայտարարություն ուղարկելով այն վաճառողին, ումից կատարել եք գնումը։ Եթե դուք պահանջել եք սկսել ծառայությունների մատուցումը հրաժարվելու իրավունքից օգտվելու ժամանակահատվածում, ձեզանից կարող է պահանջվել համաչափ գումար վճարել մատուցված ծառայությունների համար մինչև այն պահը, երբ վաճառողին հայտնել եք պայմանագրից հրաժարվելու մասին։
Եթե որոշում եք ջնջել Google One-ը ծառայության ջնջման միջոցով, դուք ընդունում եք, որ Google One-ի ծառայությունները միանգամից կարող են անհասանելի դառնալ ձեզ։ Եթե նախընտրում եք շարունակել Google One-ի ծառայությունների օգտագործումը մինչև հաշվարկային ժամանակահատվածի ավարտը, ապա պարզապես չեղարկեք բաժանորդագրությունը՝ Google One-ը ջնջելու փոխարեն։
Գումարի վերադարձ։ Եթե Google One-ի բաժանորդագրություն կամ ԱԲ կրեդիտներ եք գնել, ապա կգործեն վճարների վերադարձման կանոնները։ Գումարի վերադարձ պահանջելու համար պետք է կապվեք վաճառողի հետ, ումից կատարել եք գնումը։ Համաձայն գործող օրենսդրության՝ կարող եք ունենալ սպառողի այնպիսի իրավունքներ, որոնք չեն կարող սահմանափակվել պայմանագրով։ Սույն պայմանները չեն սահմանափակում այդ իրավունքները։
5. Հաճախորդների աջակցման ծառայություն
Google One-ը Google-ի որոշակի ծառայություններում կարող է հնարավորություն տալ օգտվելու հաճախորդների աջակցման ծառայությունից։ Այն դեպքում, եթե հաճախորդների աջակցման ծառայությունն ի վիճակի չէ օգնել, մենք կարող ենք ուղղորդել ձեզ Google-ի համապատասխան ծառայության հաճախորդների աջակցման ծառայություն։ Եթե Google One-ի ձեր բաժանորդագրությունը չեղարկվել կամ կասեցվել է, հաճախորդների աջակցման ծառայությանն ուղարկած ձեր չլուծված հարցումը նույնպես կարող է չեղարկվել, և բաժանորդագրությունը վերականգնելու դեպքում դուք պետք է նոր հարցում ուղարկեք։ Հաճախորդների աջակցման ծառայության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր Օգնության կենտրոնում։
6. Ընտանեկան մուտք
Google One-ի ձեր բաժանորդագրությունը հնարավոր է, որ թույլ տա ձեզ կիսվել որոշակի առավելություններով ձեր ընտանեկան խմբի հետ («Ընտանեկան մուտք»)։ Եթե չեք ցանկանում առավելություններով կիսվել ձեր ընտանեկան խմբի հետ, ապա պետք է անջատեք Ընտանեկան մուտքը Google One-ի համար կամ լքեք ընտանեկան խումբը։ Միայն Google One-ի սակագնային պլանի կառավարիչները կարող են ընտանեկան խմբի անդամներ ավելացնել և միացնել կամ անջատել Google One-ի բաժանորդագրության Ընտանեկան մուտքը։ Ընտանեկան մուտքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր Օգնության կենտրոնում։
Եթե դուք Google One-ի ընտանեկան խմբի անդամ եք, ձեր ընտանեկան խմբի անդամները կկարողանան ձեր մասին որոշակի տեղեկություններ տեսնել։ Օրինակ՝ եթե միանաք որևէ ընտանեկան խմբի, որի համար միացված է Google One-ի Ընտանեկան մուտքը, խմբի մյուս անդամները, ինչպես նաև խումբ հրավիրված օգտատերերը կկարողանան տեսնել ձեր անունը, լուսանկարը, էլ․ հասցեն և տեղեկություններ ձեր պահուստավորած սարքի, ձեր սպառած ԱԲ կրեդիտների և ձեր օգտագործած տարածքի մասին։ Ընտանեկան խմբի անդամները նաև կարող են տեսնել, թե արդյոք ընտանիքի որևէ անդամ օգտվել է Google One-ի բաժանորդագրության մեջ ներառված որոշակի լրացուցիչ առավելություններից։
Եթե դուք ձեր ընտանեկան խմբում Google One-ի սակագնային պլանի կառավարիչն եք և անջատեք Ընտանեկան մուտքը կամ դուրս գաք ընտանեկան խմբից, խմբի մյուս անդամներին այլևս հասանելի չի լինի Google One-ի բաժանորդագրությունը։ Եթե Google One-ի սակագնային պլանի կառավարիչը Ընտանեկան մուտքի միջոցով ձեզ հասանելի է դարձրել Google One-ը, այն ձեզ այլևս հասանելի չի լինի, եթե ընտանեկան խմբից դուրս գաք, կամ ձեր Google One-ի սակագնային պլանի կառավարիչը անջատի Ընտանեկան մուտքը կամ դուրս գա ընտանեկան խմբից։
7. Բջջային սարքերի տվյալների պահուստավորում և վերականգնում
Google One-ը կարող է ներառել տվյալների պահուստավորման և վերականգնման ընդլայնված գործառույթներ («Պահուստավորում և վերականգնում») պահանջներին համապատասխանող շարժական սարքերի համար։ «Պահուստավորում և վերականգնում» գործառույթն օգտագործելու համար կարող է լրացուցիչ հավելվածներ (օրինակ՝ Google Լուսանկարներ) տեղադրելու և ակտիվացնելու անհրաժեշտություն լինել։ Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոխել պահուստավորման և վերականգնման կարգավորումները Google One հավելվածից։ Եթե Google One-ի ձեր բաժանորդագրությունը կասեցվել կամ չեղարկվել է, հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո «Պահուստավորում և վերականգնում» գործառույթի միջոցով պահված տվյալները ձեզ այլևս հասանելի չլինեն՝ համաձայն Android Backup-ի համապատասխան կանոնների։